Կինոռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմում սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջիկ՝ Գիեդանին, մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում իր կարգավիճակին և ընդդիմանում է տիրող կարգուկանոնին:
Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Շավի Սալան ասաց, որ իր ֆիլմը հաճախ են համեմատում օսկարակիր «Ռոմա» կինոնկարի հետ: Երկու ֆիլմում էլ անդրադարձ է կատարվում տեղացիների և բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններին, միմյանց նկատմամբ նրանց վերաբերմունքին, ընկալումներին:
Շավիի խոսքերով իր ֆիլմում կարևոր է այն, որ հերոսն ունի ընտրելու իրավունք` լինել հպատակ, թե ըմբոստանալ տիրող իրավիճակին: Նա ընտրում է պայքարի ճանապարհը, ցանկանում է հաղթել:
Ռեժիսորն ընդգրկել է դասակարգային պայքարի խնդիրը:
«Այս կինոնկարը դժվար թե սիրով դիտեն բարձր խավի ներկայացուցիչները, որովհետև ես շեշտում եմ, որ, մեղմ ասած, միշտ չէ, որ նրանց և բնիկների հարաբերությունները հարթ են և բարիդրացիական»,-ներկայացրել է ռեժիսորը:
Նրա համոզմամբ` այն խնդիրները, որոնք արծարծվում են «Գիեդանիի պորտը» կինոնկարում, միշտ էլ արդիական են և կարևոր: «Ես սապոտեկ ցեղի հետ հարազատություն եմ զգում, որովհետև Կատալոնիայից եմ և անցել եմ այն ճանապարհը, որն անցել են նրանք: Ավելի քան հինգ տարի ապրել եմ սապոտեկ ցեղի հետ: Շատ լավ հասկանում եմ նրանց. և՛ մենք, և՛ նրանք ինքնության պահպանման խնդիր ունենք»,-ասել է ռեժիսորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







