ՀՀ Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «ՄՈԵՖՖ գրուպ» ներկայացրած հայտին։
«Գլորիա» կարի ֆաբրիկան գործունեություն է ծավալում Վանաձոր քաղաքում և ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ընկերությունում ներկայումս առկա է 1100 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 200-250 նոր աշխատատեղ՝ 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ ՀՀ դրամ, որից 500 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 3.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:
«ՄՈԵՖՖ գրուպ»-ը գործունեություն է ծավալում Արմավիրի մարզում և ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են սանտեխնիկայի արտադրության համար (զուգարանակոնքեր, լվացարաններ, աղբամաններ և այլն)։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 14 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ընկերությունում ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







