ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառումը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:
Միջոցառման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս համաժողովը ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և խորացման արդի հիմնախնդիրները, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիները քննարկելու հիանալի հնարավորություն կընձեռի և լոգիստիկ սխեմաների վերաբերյալ տեսակետների փոխանակման արդյունավետ հարթակ կդառնա:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքների հիման վրա հնարավոր կլինի ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակեցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, ինչպես նաև նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները:
«ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մենք առավելագույն ջանքեր գործադրեցինք ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրներում տնտեսական աճի համար: Այս համատեքստում առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումն է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդի Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնի տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում:
«Բացի տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց, Հայաստանը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էներգետիկ հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգիկ համակարգի ընդհանուր շուկան»,- նշել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







