Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացել է կրթական նորարարությունների տաղավարով:
Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել համաժողովին, շրջել տաղավարում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
ԿԳՄՍ նախարարության տաղավարում ներկայացված են Թումո ստեղծարար կենտրոնը, ԱՅԲ դպրոցը, ԵՊՀ-ն, Արմաթ լաբորատորիաները, Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Ֆաբ Լաբ Դիլիջան(Fab Lab Dilijan) ծրագիրը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ACBU) Հայկական վիրտուալ համալսարանը ( AVC):
WCIT 2019-ում ԿԳՄՍՆ-ի կրթական նախագծերի հիմնական խորգարերն են` «Ապագան այստեղ է, ապագան հիմա է, ապագան Հայաստանում է. մեր նպատակը կրթված, ստեղծագործ և նախաձեռնող քաղաքացին է, մենք քաջալերում ենք երիտասարդներին լինել նորարար»:
Նշենք, որ Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







