Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնը սկսում է իր աշխատանքները։ Կենտրոնի աշխատանքի նպատակն է աջակցել հայկական հուշարձանների վերականգնմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը։
Նա նշեց, որ դեռ 2014 — ին փորձ է եղել այդ գաղափարը կյանքի կոչել, բայց հետո գործընթացը կանգ է առել, իսկ հիմա այդ նախագիծն իրականություն կդառնա:
« Կենտրոնը, նախևառաջ, կօգնի մեզ ստանալ հուշարձանների վերականգնման իտալական փորձը » , — տեղեկացրեց Թուխիկյանը:
Կենտրոնում կաշխատեն հայ մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան վերապատրաստվել Իտալիայում:
Թուխիկյանը տեղեկացրեց նաև, որ իտալական կողմը կենտրոնի ծախսերը հոգալու է 18 ամսվա ընթացքում, իսկ այս ընթացքում նախարարությունը կփորձի դոնորներ գտնել նրա աշխատանքն ապահովելու համար:
Իր հերթին Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն համոզված է, որ այս հաստատությունը երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ կդառնա:
« Կենտրոնը կօգնի վերականգնել մշակութային հուշարձանները, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և երկրի տնտեսական աճին։ Կենտրոնի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր » , — նշել է դեսպանը։
Նշենք, որ կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018թ. հուլիսի 31-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







