«Միջազգային այցելուների մասշտաբով սա տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ իրադարձությունն է», — WCIT համաշխարհային համաժողովի երրորդ օրը մամուլի ասուլիսում ընդգծեց համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Երբ նոր էինք պլանավորում այս համաժողովը, մենք ամենաշատը սպասում էինք մոտ 2000 այցելուի, բայց այսօր այդ թիվը հասել է ավելի քան 6000-ի. սա, կարծում եմ, ամենալավ ձևն է ցույց տալու, թե որքան հետաքրքիր ու հագեցած է օրակարգը։ Մենք տարբեր ուղղություններով հետաքրքիր քննարկումներ ենք ունենում և կարող ենք ասել, որ այս համաշխարհային համաժողովը հաջողված էր»։
Եսայանը փաստում է, որ համաժողովի հաջողության գրավականը նախորդ 12 ամիսների ընթացքում նախապատրաստական ծավալուն աշխատանքներն էին և անձնակազմի պատրաստակամությունը։
Շարունակելով Եսայանին՝ «PicsArt» հարթակի հիմնադիր Հովհաննես Ավոյանը շեշտեց, որ համաժողովի միջազգային մասնակիցները, գործարարները ոչ միայն վայելեցին հայկական հյուրընկալությունը, այլև զգացին՝ որքան ուժեղ է այստեղ IT համայնքը. «Տեսան, որ երիտասարդ սերունդն այստեղ մոտիվացված է ստեղծելու նոր ստարտափ գաղափարներ։ Հույս ունեմ, որ այս ամենի արդյունքում Հայաստան կգան նոր ներդրողներ և կբացվեն ավելի շատ աշխատատեղեր»։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







