«WCIT 2019» համաշխարհային համաժողովի 3-րդ օրն է։ Շարունակվում են պանելային քննարկումներն ու այցելությունները։ Այսօրվա խոսնակների թվում է նաև «System of a down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։ Քննարկման առանցքում սոցիալական մեդիան էր՝ իր լավ և վատ կողմերով։
«Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ՝ դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն»,- «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ շեշտեց Սերժ Թանկյանը։
Երաժիշտը սոցիալական ցանցերը վտանգավոր է համարում այն առումով, որ անանուն գրանցված օգտատերերը երբեմն կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն, ինչ ուզում են:
«Այնուամենայնիվ ցանկացած ինֆորմացիա մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում մարդիկ չեն խորանում թեմայի մեջ», -խոսելով սոցցանցերի առավելությունների մասին՝ ընդգծեց Թանկյանը։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







