Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Այս մասին փոխանցում է ՀՀ Կառավարության հասարակայնության և տեղեկատվության բաժինը:
Վարչապետը կարևորել է նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:
«Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները», — ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում:
«Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:
ՀՀ վարչապետը և ամերիկահայ գործարարը քննարկել են Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին, ՏՏ ոլորտում համագործակցությանը, այդ բնագավառում երիտասարդների և կանանց ներգրավվածության խթանմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







