Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») երրորդ օրն անցավ բավական հագեցած:
Տեղի են ունեցել ինչպես պանելային քննարկումներ, այնպես էլ հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր ելույթի ընթացքում կարևորել է համաժողովին ավելի երիտասարդ ներկայացուցիչների մասնակցության փաստը:
«WCIT 2019» համաշխարհային համաժողովի մամլո-ասուլիսում համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը համաժողովի հաջողության գրավական է համարել նախորդ 12 ամիսների ընթացքում նախապատրաստական ծավալուն աշխատանքներն ու անձնակազմի պատրաստակամությունը:
Պանելային քննարկումների ընթացքում ելույթ է ունեցել նաև «System of a down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով ընդգծեց վայրկյանների ընթացքում ցանկացած տեղեկատվության արագընթաց հասանելիության կարևորությունը մարդկության համար:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «IEEE Computer Society»-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին:
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հյուրընկալվել են նախ Հայաստանի Հանրապետության Նախագահին, այնուհետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում (WCIT-2019) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեի, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ:
Համաժողովն ամփոփվեց Ստարտափների մրցանակաբաշխությամբ: Հայտնի է, որ «WCIT 2020»-ը հաջորդ տարի կանցկացվի Մալայզիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







