Հայկական խոհանոցը միշտ աչքի է ընկել իր համային բազմազանությամբ, միևնույն ժամանակ շատ հագեցած և նուրբ համային երանգների զուգորդմամբ։ Ցավոք այսօր հայկական խոհանոցից դուրս են եկել և մոռացվել բազում ավանդական ուտեստներ։ Դրանց թվին է դասվում նաև «Խաշնտուր»-ը։
Հին ժամանակներում այս ուտեստի հիմնական բաղադրիչներից են եղել կանաչ լոբին, սոխը և դդումը: Սյունիքի խաշնտուրը պատրաստվում էր ոչխարի մսով, սակայն այն հնարավոր էր պատրաստել նաև առանց մսի, հատկապես եթե Պահքի շրջանն էր:
Պատրաստվում է այն հետևյալ կերպ՝ կերակրատեսակի մեջ ավելացնել ոչխարի միս, խոշոր կտրատված սոխ, լոլիկ և դդում, ինչպես նաև կանաչի: Մի փոքր տապակելուց հետո զանգվածը տեղափոխել կավե ամանի մեջ՝ ծածկելով լավաշով և դնել ջեռոցը։
Նշենք, որ այս ուտեստը Սյունիքի խոհանոցի շատ հին բաղադրատոմսերից է։ Նմանատիպ ճաշատեսակի բաղադրատոմս պահպանվել է նաև Արցախում, որտեղ ուտեստին ավելացնում են նաև մոշ, տարբեր տեսակի բույսեր և սոխ:
Շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս Սյունիքի խաշնտուրի հետ մատուցել թթի օղի` կավե ամանով: Նա նաև հավելում է, որ կերակրատեսակը շատ օգտակար է նեֆրիտով տառապող հիվանդների համար, քանի որ այն դդում է պարունակում: Ինչ վերաբերում է ուտեստի անվանմանը, ապա նշենք՝ «Խաշնտուր» բառը վերցված է «խաշիր և տուր» բառերից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







