Վարդավառը և այն նշելու արարողությունները մեզ են հասել դեռ վաղ անցյալից։ Վաղ ժամանակներից ի վեր այն հայկական ավանդույթների և մշակույթի անբաժանելի մասնիկն է եղել։ Վարդավառը նվիրված է եղել Աստղիկ աստվածուհուն։
Տոնի սկիզբ էր համարվում` հունիսի 27-ը (Վահագնի օրվան), որին գումարվում էր մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը: Վարդավառի հիմքում ընկած էր սիրո և գեղեցկության խորհուրդը․ հենց այս պատճառով նրա հովանավոր աստվածուհին Աստղիկն էր։ Աստղիկը հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին, ռազմի աստծո՝ Վահագնի սիրելին:
Եւ այսպիսով տոնակատարության առանցքը կազմում էր սերը՝ արտացոլաված Աստղիկի և Վահագնի կերպարներով։ Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը։ Վարդավառ բառը հին հեթանոսական այս տարբերակում բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել:
Հետաքրքիր է՝ լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները: Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հայրական տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







