Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում ամենահայտնի ընկերություններից մեկի՝ «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանում մասնաճյուղի բացման մասին հայտարարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։
Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ին բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։ Ինստիտուտն, ընդհանուր առմամբ, ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։
Նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նշելով, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։
«IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







