Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կթևածի մաեստրո Մանսուրյանի անզուգական մեղեդին:
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ և քննարկել Արցախում Տիգրան Մանսուրյանի 80 ամյակին նվիրված երկու համերգների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
«Մաեստրոի համերգաշարը որոշեցինք սկսել հենց Արցախից՝ հաշվի առնելով նրա անհատակ սերն արցախցիների հանդեպ, որը փոխադարձ է: Ամեն բան պատրաստ է, համոզված ենք՝ հրաշալի համերգներ են սպասվում»,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նախարարի խոսքով՝ նման միջոցառումները մշակութային դաշտը զարգացնելու լավագույն ճանապարհն ու մեր միասնականության դրսևորման հավաստիքն են:
«Խորհրդանշական է , որ «Երևանի օրերն Արցախում» նախագիծը մեկնարկում է հենց մանսուրյանական շնչով: Արցախցիներն անհամբեր սպասում են այս մշակութային իրադարձությանը»:
Համերգաշարը կազմակերպվելու է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ՀՀ և ԱՀ ԿԳՍ նախարարությունների աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թ․ Երևանում արցախյան մշակութային օրեր անցկացնելու հետ կապված ընդհանուր հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







