Ավետ Մարկոսի Ավետիսյանը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին Թբիլիսիյում։
Մինչև հինգերորդ դասարան սովորել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Այս բնագավառում էլ ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:
1918թ. մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ: Առաջին դերը Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի Ոսկանի մարմնավորումն էր: Թբիլիսիի հայոց դրամատիկական թատերախմբում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը:
Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից` դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»-ում:
Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):
Ավետ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







