ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել սպանդանոցներ կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողների մասնակցությամբ քննարկում։
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ՍԱՏՄ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն՝ սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար:
Քննարկման շրջանակներում տնտեսվարողները ներկայացրել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրները՝ ընգծելով, որ իրենց համար կարևոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:
Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն սահմանել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլև, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար:
Մասնագետները ներկայացրել են նաև սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:
Հանրապետության բոլոր մարզերում նոր սպանդանոցների կառուցումն ու նոր նախագծերի իրագործումը հնարավոր կլինի մեկ-երկու ամսվա ընթացքում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։ Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Անդրադառնալով սպանդանոցների և սպանդանոցային մորթի վերահսկողության մեխանիզմներին՝ ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց, որ ՍԱՏՄ-ն առաջնորդվելու է արդեն իսկ ներդված վերահսկողության մեխանիզմներով, նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտության չկա՝ միաժամանակ իրականացնելով սպանդանոցների գործունեության ավելի խիստ վերահսկողություն։
ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց, որ տեսչական մարմնի մասնագետները հաճախ այցելում են կառուցողներին, տեղում խորհրդատվություն են տրամադրում կառուցապատման ընթացքի, սանիտարահիգիենիկ նորմերի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







