ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ավելի քան 42 տարվա պատմություն ունեցող ընկերության գործունեությունը, որն իր աշխատանքներն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ առաջարկելով տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։
Ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից, և իսկ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։
Զարեհ Թութունջյանը նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, սակայն մասնագետների խնդիրը միշտ մնում է արդիական։
Նախարարն էլ իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության և կիբերանվտանգության ուղղությունները զարգացնելու համար, և ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







