ԵԱՏՄ-ում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելն է: Եվ ես ուրախ եմ, որ 2019-ին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը շատ արդյունավետ էր: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի բարձրացնել նաև ՀԱՊԿ-ի արդյունավետությունը։
«Ո՞րն է այստեղ նպատակը՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որն անչափ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, ավելի արդյունավետ դառնա: Կարծում եմ՝ Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի մասով մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք: Դա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և մյուսների համար», — շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու հարցի քննարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա դրական գործընթաց է և այդ ուղղությամբ գործնական քայլեր են իրականացվում են։
Խոսելով Հայաստանի և Ուզբեկստանի հարաբերությունների մասին՝ ՀՀ վարչապետը նշել է․
«Այժմ զարգանում են շատ դինամիկ հարաբերություններ Հայաստանի և Ուզբեկստանի միջև: Հետաքրքիր փաստ՝ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների և ղեկավարների միջև պաշտոնական հանդիպումներ տեղի չեն ունեցել: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի մասին: Եվ, իհարկե, մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունն Ուզբեկստանի հետ: Եթե այն որոշի դառնալ ԵԱՏՄ անդամ, դա շատ լավ է»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե Ադրբեջանը հայտարարի, որ ցանկանում է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Թող ասի և կերևա: Երբ կասի, այդժամ էլ կքննարկենք: Գաղտնիք չէ, թե ինչպիսին են մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, այնպես որ այս պահին ես ընդհանրապես չեմ ուզում այդ հարցը քննարկել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







