Օգոստոսի 25-ին նշվում է «Գյումրու օր»-ը:
Գյումրու օրվան նվիրված միջոցառումը կրում է «Վարպետների քաղաք» անվանումը: Ծրագիրը մեկնարկել է ժամը 11:00-ին, այն ընդգրկելու է բացօթյա տարաբնույթ միջոցառումներ՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված Շիրազի փողոցի վերաբացումն է, որտեղ գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով:
Գյումրու օրվա տոնակատարությանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառումների հետ կապված՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։
Քաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ. միանգամից 2 գնացք է լինելու ժամը 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան՝ ժամը 23:15-ին և 23:45-ին:
Տոնական օրը եզրափակվելու է համերգով և հրավառությամբ:
Համերգին ելույթ կունենան գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:
Նշենք նաև, որ 2019 թվականին Գյումրի քաղաքն իր այցելուների համար դեռ շատ անակնկալներ է պատրաստել։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը նույնպես նշվելու է Գյումրիում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու պատմական հատվածում կատարած զբոսանքի ժամանակ՝ հավելելով, որ այսուհետ Անկախության տոնը ամեն տարի նշվելու է մարզերում։ Վարչապետը այս հայտարարել է նաև իր ֆեյսբուքյան էջում։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ նախնական տվյալներով քաղաքը ընդունելու է ռեկորդային քանակով հյուրեր՝ մոտ 15-ից 20 հազար մարդ։ Տեղական ինքնակառավարման մարմիններն արագ տեմպերով կազմակերպում են փողոցաշինության գործընթացը. վերականգնվում են Սայաթ-Նովա և Տիգրան Մեծ փողոցըները, ստեղծվում են կայանատեղիներ։
Արդեն հայտնի է, որ գերծանրաբեռնված են լինելու քաղաքի բոլոր հյուրանոցներներն ու հյուրատները: Գյումրու քաղաքապետարանը նաև դիմել է քաղաքացիների օգնությանը: Նրանք, ովքեր մեկ օրով բնակարան ու սենյակ կարող են վարձակալության տալ, պետք է այդ մասին տեղեկացնեն քաղաքապետարանի համապատասխան բաժնին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







