ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանում էր: Տողում Գ.Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող 2կմ-անոց ճանապարհահատվածի կապիտալ շինարարության ընթացքին, որը լրացուցիչ խթանելու է հարավային զբոսաշրջային ուղղության զարգացմանը: 2019-ին շուրջ 3000 մարդ է այցելել Տողի մելիքական ապարանք:
Այնուհետև պետնախարարը գնահատել է նաև գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարության ընթացքը: Պետական միջոցներով իրականացվող ծրագրին այս տարի կավելանան նաև մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման աշխատանքները:
Բացի դրանից Տողը սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի արցախյան գինու ավանդական դարձած փառատոնը: Պետնախարարը «Կատարո» գինու գործարանում և խաղողի այգիներում ծանոթացել է արցախյան գինին միջազգային շուկայում ճանաչելի դարձնող ընկերության զարգացման ծրագրերին:
Հադրութ կատարած աշխատանքային այցը եզրափակվել է շրջանի հինավուրց և զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Վանք և Տյաք գյուղերում, որտեղ ամբողջությամբ բացահայտված չեն էթնոտուրիզմի և մշակութային տուրիզմի հնարավորությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







