Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին առանձնանում է իր հմայքով և ճարտարապետությամբ: Այստեղ նախկին ժամանակների կոլորիտն ու շունչը դեռ պահպանվում է և յուրաքանչյուրն, ով գեթ մեկ անգամ կլինի Շուշիում, անտարակույս կզգա քաղաքի դրական էներգետիկան:
Այսօր ձեզ կներկայացնենք Շուշի քաղաքի հպարտությունը:
Խոսքը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի մասին է: Այն կառուցվել է 1868-1887-ին, փոքր միանավ եկեղեցու տեղում, Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանի նախագծով: Օծվել է 1888-ին: Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել է 1981-1988-ին: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի: Իսկ, 1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին:
Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին` Քրիստոսի Պայծառակերպության օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







