Թանգարանը հիմնադրվել է մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում: Տեղակայված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ստեփանակետ-Ասկերան-Ստեփանակերտ ավտոմայրուղու 32-րդ կմ-ի վրա:
Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին, նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։
Թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր:
Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնականում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006թ. սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Թանգարանն աշխատում է երեքշաբթից կիրակի, ժամը 10:00-18:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







