Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի տարեվերջյան հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, կառավարության անդամներ։
Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականի իրադարձություններից ու տնտեսական հեղափոխության մեկնարկից հետո քայլեր է ձեռնարկում Հայաստանում տնտեսության զարգացման և ներդրումների խթանման համար։
Խոսելով Հայաստանում առկա ներդրումային միջավայրի մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ կան խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են արժեթղթերի շուկայի զագացմանը և դրանց ներդրման հիմնական միջավայրին՝ բանկերին, որտեղ ցավոք տոկոսադրույքներն այնքան էլ ցածր չեն, չնայած տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
«Հայաստանում եվրոբոնդերի թողարկման ծավալը կազմում է 500 մլն դոլար, սակայն դրա պահանջարկն ավելի քան 2 մլրդ դոլար է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտաքին ներդրումների միջավայրի մասին։
Նոր նախագծերի իրականացման մասով ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանն ի վիճակի է իրականացնելու մեգանախագծեր և այդ նախագծերի իրականացման համար լուրջ հնարավորություն կա։
«Այդ հնարավորությունը եվրոբոնդերի էժանն սակագներով թողարկումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման տեմպերին՝ նա նշեց, որ Հայաստանը 2020 թ. կավելացնի տնտեսական զարգացման տեմպերը և միջազգային կազմակերպությունները ՀՀ տնտեսության զարգացման նոր և դրական ցուցանիշներ են կանխատեսել։
«Դրանց իրականացման համար պետք է օրենսդրական, ներդրումային դաշտը կարգավորվի և դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ նշելով՝ «Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ԱՄՆ֊ը Հայաստանում ավելացնում է ներդրումները»։
Խոսելով հայ֊ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու մասին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հայ֊ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու համար կա լուրջ ռեսուրս և դա Միացյալ Նահանգների հայկական համայնքն է և լուրջ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







