Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տրվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկը:
«Մաեստրո Մանսուրյան 80» խորագիրը կրող համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ:
Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը կշարունակվի Երևանում և իր տրաաբանական ավարտին կհասնի մշակութային մայրաքաղաք Գյումրիում` այսպիսով ամբողջացնելով մտահղացման համահայկական բնույթը:
Ստեփանակերտում կայացած համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական գեղավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նոր գործիքավորմամբ և մոտեցմամբ մատուցել է մաեստրոյի կինոերաժշտությունը:
Համերգին ներկա էին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պետական բարձրաստիճան այրեր, հյուրեր:
Համերգի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ այն երկար սպասված էր: «Երջանիկ եմ լինել մեծ երաժիշտի ժամանակակիցը, ամեն վայրկյան վայելել նրա լուսավոր ներկայությունը»,- ասել է Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետը պատահական չի համարում, որ Երևանի մշակութային օրերը Ստեփանակերտում ամփոփում են հայ ժողովրդի համար կարևոր օրվա` Արցախի Հանրապետության անկախության տոնի նախօրյակին «Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի և Արցախի շրջանների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնվելու և խորանալու են»:
Երևանի քաղաքապետը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







