Վրացական խոհանոցը բազմազան է, յուրօրինակ և համեղ։ Հետաքրքիր է այն փաստը, որ Արևելյան Վրաստանի և Արևմտյան Վրաստանի խոհանոցներում կան տարբերություններ։ Օրինակ, արևմտյանի խոհանոցում օգտագործում են եգիպտացորեն, գերիշխում է կորեկը, սուլուգունի վրացական պանիրը, որոնք նրանք օգտագործում են մոգարի հետ միասին։ Արևելյան խոհանոցում օգտագործվում է ցորենի հացը։
Ձեզ ենք ներկայացնում Վրաստանի ազգային խոհանոցից ուտեստ՝ Փխալին։
Փխալիի հիմք է հանդիսանում ցանկացած բանջարեղեն կամ կանաչեղեն, օրինակ՝ եղինջի տերևներ, էկալա կոչվող բույս, որը նաև հայտնի է սասապարիլ անվամբ, կարմիր բողկի, բազուկի, ծաղկակաղամբի տերևները: Սակայն փխալիում կարելի է նաև օգտագործել ձուկ։ Սա հետաքրքիր փաստ է, որովհետև վրացական խոհանոցում ձուկ քիչ են օգտագործում։
Հիմնական բաղադրամասը մանր կտրտվում, խաշվում, շոգեխաշվում են կամ մնում են առանց ջերմային մշակման, օրինակ՝ կանաչեղենն ու բանջարեղենի որոշ մասը։ Ավելացվում է կծու սոուս, որը հատուկ փխալիին:
Սոուսը պատրաստում են ընկույզից և կծու պղպեղից՝ համեմած սխտորով, համեմով, սոխով, խմելի-սունելիով, աղով և գինու քացախով:
Փխալին մատուցվում է որպես աղցան կամ խավարտ՝ մսային ճաշատեսակների համար։ Կանաչեղենի և բանջարեղենի նվազագույն ջերմային մշակումը հնարավորություն է տալիս պահպանելու գրեթե բոլոր վիտամինները։
Փխալին մատուցում են աղցանի ամանով կամ հախճապակյա սկուտեղով՝ փոքր կոտլետների ձևով։ Տոնական սեղանի համար ձևավորում են փոքր գնդիկներ, որոնց մեջտեղը անցք բացելով՝ լցնում են նռան հատիկներ և ընկույզի յուղ։
Ահա ձեզ հետաքրքիր և վրացական ծագում ունեցող բաղադրատոմս։ Բարի ախորժակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







