Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք է գտնվում Երից Մանկանց վանքը: Այն հիմնվել է 17-րդ դարի վերջին քառորդում Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների կողմից՝ ի հակադրություն Գանձասարի և Խաչենի Հասան-Ջալալյանների: Այդ իսկ պատճառով ճարտարապետ Սարգիսը այն փորձել է հնարավորինս նմանեցնել Գանձասարի վանքի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն: Երից Մանկանց վանքը եղել է Աղվանից հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Արցախում երկար ժամանակ պայքար էր ընթանում երկու կաթողիկոսանիստ եկեղեցիների միջև, որը չի ավարտվել նույնիսկ Էջմիածնի միջամտությունից հետո: Հակամարտությունը շարունակվել է մինչև 1819թ. և ավարտվել է հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով:
18-րդ դարի սկզբին Արցախում ծավալված ազատագրական պայքարի ժամանակ մեծ դեր է խաղացել Երից Մանկանց վանքը:
Եկեղեցին ունի խաչաձև գմբեթակիր հորինվածք և կառուցված է անտաշ քարերով, սպիտակավուն, ներքուստ չորս քառակուսի սյուներով, բակում կան բնակելի սենյակներ: Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից: Երից Մանկանց եկեղեցու բազմաթիվ գեղեցիկ քանդակների մեջ հատկապես հիշատակության արժանի է քարի վրա կերտված արևային ժամացույցը: Եկեղեցու բեմի վերևի մասում եղած արձանագրությունում նշված է, որ եկեղեցում կային դպրատուն, բնակելի սենյակներ, որոնց մեծ մասն ավերվել է (օտար զավթիչների ասպատակությունների հետևանքով): Բնակելի սենյակների տակ եղել են նկուղներ, որոնք ծառայել են որպես պահեստներ, գուցե և թաքստոցներ:
Կաթողիկոսական ապարանքը տեղադրված է ձորալանջին, և նրա տանիքը վանքի բակի շարունակությունն է կազմում: Վանքի շուրջը տարածվում է 17 և 18 դարերի տապանաքարերով գերեզմանոցը:
Եկեղեցին ներկայումս կիսավեր վիճակում է և Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու լինելը խոչընդոտում է զբոսաշրջային այդ ուղղության զարգացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







