Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի է ունեցել նոր խաչքար-հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն: Օծման արարողությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարերարները, հյուրեր, զինվորներ:
Խաչքար-հուշակոթողը կանգնեցվել է տեր և տիկին Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի կողմից: Վաչագան Ղազարյանի խոսքով՝ նպատակը նորակառույց եկեղեցում, հարազատ քաղաքում գեղեցիկ հուշակոթող-հուշարձան ունենալն է:
Կոթողի հեղինակ քանդակագործ Լյուդվիգ Ղազարյանը նշել է, որ խաչքարն արվել է հատուկ Ղազարյանների համար և խորհրդանշում է Ղազարյան տոհմածառը: «Պատկերված արծիվը տոհմի պահապանն է, թրի ձևով քանդակված խաչը խորհրդանշում է հավատը,իսկ երկու թռչունները տոհմի որդիներն են»,- նկարագրելով կատարած աշխատանքը՝ ասել է Լյուդվիգ Ղազարյանը:
Հուշակոթողը կրում է «Հույս ի Լույս, Հավատ ի Տեր, Սեր առ Արցախ» գրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







