ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում հավանություն տվեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտին՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ընկերությունը գործունեություն է ծավալելու մայրաքաղաք Երևանում և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար։
Ընկերությունում ներկայումս առկա է 65 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 200,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







