Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:
«Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», — նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ այն խարսխված է կառավարության 2019-23 թթ. ծրագրի և Բանկի 2019-23 թթ. Երկրի հետ գործընկերության շրջանակի վրա:
Նշենք, որ 45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:
Հիշեցնենք, որ 1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







