Երևանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով առաջիկայում կկիրառվեն տեղական տուրքի արտոնություններ: Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվեն դրույքաչափի նվազեցման արտոնություններ:
Համաձայն օրաթերթի հայտնած տեղեկությունների՝ Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով: Իսկ առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով:
Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 2:00-ից հետո աշխատելու թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Նախատեսված արտոնությունները կկիրառվեն նաև այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







