Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները պահանջում են խմբի ղեկավար, ավագ փորձավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Պարողները պնդում են, թե Գրիգորյանը չի հարգում արտիստներին, սպառնալիքներով է խոսում նրանց հետ` նպաստելով աշխատանքային վատ մթնոլորտի ստեղծմանը: Արմեն Գրիգորյանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ պարողները խուսափում են աշխատանքից, և ինքը չի պատրաստվում հեռանալ:
Օպերային թատրոնում այս դժգոհությունները սկսվել էին բավականին երկար ժամանակ առաջ, սակայն առավել սրացան բալետի պարող Ռուբեն Մուրադյանի եւ Արմեն Գրիգորյանի կոնֆլիկտից հետո:
Սեպտեմբերի 7-ին բալետային խմբի ներկայացուցիչների լրագրողների հետ հանդիպմանը առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ յուրաքանչյուր արտիստի առողջ մթնոլորտ է անհրաժեշտ ստեղծագործելու համար, այնինչ երկու տարվա ընթացքում դա անհնար է դարձել Արմեն Գրիգորյանի շնորհիվ:
Մուրադյանի խոսքով` իրենք բազմիցս խնդիրը բարձրացրել են` դիմելով օպերային թատրոնի տնօրինությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին: Տնօրինությունից արձագանքը եղել է այն, որ անհրաժեշտ է մարդուն ժամանակ տալ, որ շտկվի: Ըստ Ռուբեն Մուրադյանի`բալետային խմբի ավելի քան ութսուն տոկոսը չի ցանկանում աշխատել այն բացասական մթնոլորտում, որի պատճառն Արմեն Գրիգորյանն է:
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի թղթակցի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշել էր, որ իր դեմ բողոքների ակունքներում կանգնած է Ռուբեն Մուրադյանը, ով ցանկանում է զբաղեցնել իր պաշտոնը:
Նա ընդգծել է, որ երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել և չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







