Արցախի հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Արցախում ՏԻՄ ընտրությունների նախօրեին ընտրակաշառքի 1 դեպք է արձանագրվել։ Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ օգոստոսի 31-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը 2019թ. հուլիս ամսվա վերջերին համայնքի բնակիչներից առաջարկել է 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին իր օգտին քվեարկելու դիմաց։
Ոստիկանությունը հայտնում է, որ մինչ քրեական գործի հարուցումը դեպքի առթիվ անց են կացվում համապատասխան ստուգումներ: Բացի այս Արցախի ՏԻՄ ընտրություններից առաջ ԱՀ ոստիկանությունում ահազանգեր են եղել նաև թեկնածուների կողմից Շուշիում ու Ստեփանակերտում:
ՏԻՄ ընտրությունների նախօրեին միջադեպերի թվում է եղել Շուշի քաղաքում թեկնածուներից մեկի կազմակերպած հավաքի մոտակայքում վիճաբանության միջադեպը, որը ոստիկանության հետագա պարզաբանման համաձայն որևէ առնչություն չի ունեցել նախընտրական հավաքի հետ։
Իսկ 2-րդ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբից հայտնել են, որ Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում Ստեփանակերտի քաղաքապետի մեկ այլ թեկնածուի օգտին շինարարական աշխատանքներ են ընթանում:
ԱՀ ոստիկանությունը հետաքննման արդյունքում հերքել է այս տեղեկատվության իրավացիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







