Armenia Today-ը սկսում է շարք, որտեղ ներկայացնելու է 21-րդ դարում թարգմանված գրականությունը։
Հայ գրերի գյուտից հետո ձևավորվեց մի շարժում՝ թարգմանչաց շարժում անվանունով, որի նպատակն էր թարգմանել օտար գրականությունը հայերեն և ունենալ հայալեզու գիտահանրամատչելի, գեղարվեստական ֆոնդ։ Այդ գիտելիքը թույլ տվեց բացահայտել աշխարհը հայերենով։ Այժմ թարգմանչական արվեստը զարգանում է նոր թափով և թարգմանվում են մի շարք գրքեր հայերեն, և շատ հայ գրողների, գիտնականների գրքեր արդեն վաղուց թարգմանվել և շարունակում են թարգմանվել տարբեր օտար լեզուներով։
21-րդ դարի «Թարգմանչաց շարժում»-ը կարիք ունի լուսաբանման և ներկայացման, քանի որ այս գործընթացը, զարգանալով և հասնելով 21-րդ դար, ոչ միայն չի կորցրել իր կարևորությունը, այլև այժմ ունի առավել մեծ պահանջարկ և անհրաժեշտություն քայլելու օրեցօր զարգացող աշխարհի հետ համընթաց։
Այսօրվա մեր թարգմանված գիրքն է Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար»-ը։
2018 թվականին 20-րդ դարում ամենից մեծ պահանջարկ ունեցող գրքերից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար»-ը, թարգմանվեց բնագրից հայերեն։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը պատկանում է Վանուհի Բաղմանյանին:
Թարգմանիչն ասում է․
«Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետև, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»։
Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ գրքից՝ հայերեն թարգմանությամբ․
«Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է» ։
«Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ»։
«Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի»։
«Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ: Մեծ արարքներում դրամատիկական ժեստերն ու էֆեկտները չափազանց շատ են, շատ է և ստելու գայթակղությունը»։
«Դու եկար ինձ մոտ, բայց չվերադարձար»։
Դե ինչ, բարի ընթերցում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







