Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:
Բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու և Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում: Ընդգծելով Ֆրանսիայի և Արցախի՝ համամարդկային և ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին և նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը: «Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում»,-ընդգծել է խորհրդարանականը:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը ևս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղին: Նա, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:
Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի և Ֆրանսիայի միջև մարդասիրական ուղղություններում համագործակցությանը վերաբերող առաջարկներ:
Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի հիշատակին: Պատվիրակությունն այնուհետև ծաղիկներ է խոնարհել Արցախի ազատագրման համար նահատակված զինվորների շիրմաքարերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







