Արցախյան խոհանոցը շատերին է գերել իր համ ու հոտով: Ասվածը ոչ միայն տեղացիների, այլև Արցախ ժամանող օտարերկրացիների կարծիքն է: Արցախի շատ գյուղերում մինչ օրս էլ ռանչպար գյուղացին սեփական, բնական արտադրանքից է պատրաստում իր քաղցն ու ծարավը հագեցնելու համար անհրաժեշտ ուտեստներն ու խմիչքները: Ժենգյալով հաց, թրթերուկ, աղանձ-սրանք այն ուտեսնտներն են, որոնցով Արցախը ճանաչում են շատերը: Բայց սեղանի զարդ համարվող թթի օղին այդ շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում: Բնական հումքից, շատերի կարծիքով օգտակար այս խմիչքը տարիների պատմություն ունի: Թութ թափ տալուց մինչև օղեթորում:
Պատմականորեն արտադրությունը առավել ակտիվ է Հայաստանի, Արցախիի և Ադրբեջանի տարածքներում։ Բայց փորձառուներն առանձնացնում են արցախյանը: Աշխարհագրական բարենպաստ դիրք ունեցող Արցախը համով,բնական բերք տալու հարցում առատ է: Հնարավոր է, հենց բնական հումքն է հաղորդում օղուն անմահական համ: Գործընթացն իրենց ենթադրում է մի ամբողջական ծես, որին մասնակցում են ընտանիքի անդամները, հարազատներն ու հարևանները: Նախ թութն են թափ տալիս, այնուհետև հավաքում մեկ ընդհանուր տարայի մեջ:
Օղու արտադրանքի համար բերքը հավաքում են սովորաբար հուլիսին,երբ հատապտղում շաքարի պարունակությունը հասնում է իր գագաթնակետին (մոտ 15%)։ հատապտուղներից քամված հյութը, մի քանի օրում թորվում է առանց շաքարի կամ խմորիչի ավելացման։ Երբ բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացվում են, վերջում ստացվում է պարզ հեղուկ բարկ համով և թթի մի փոքր բուրմունքով։ Տան պայմաններում արտադրված օղին կարելի տարբերել դեղնավուն-կանաչավուն գույնով, որն էապես տարբերվում է արդյունաբերական օղուց: Եվ վերջում, արցախյան թթի օղին կարող է նաև լավ նվեր լինել Արցախից դուրս ապրող հայերի համար: Իսկ տեղացիներն անգամ սեփական արտադրանքից սփյուռքում ապրող բարեկամներին են նվեր ուղարկում` հայրենիքից հեռու, հայրենիքի համն ու հոտը, սեղանի զարդ թթի օղին համտեսելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







