Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը։
ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում կապահովվի պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարձրացնելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը: ՊՖԿՀ բարեփոխումների իրականացումը հիմնականում ուղղված է հարկաբյուջետային կարգապահության և ֆինանսական համապատասխանությանը և հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման աստիճանի բարձրացմանը:
Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել է 14 ոլորտ՝ հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն, պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն, ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում, բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ, պետական պարտք և այլն:
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։
Առաջնահերթ ուղղություններ են սահմանվել՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացման ու կատարելագործման ապահովումը, պետական գույքի կառավարման որակի բարելավումը և արդյունավետության բարձրացումը, ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետների և գանձվող վճարների կրճատումը, ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատան կառուցումը Գյումրիում, արտոնությունների տրամադրումը հերթական ներդրումային ծրագրերին, Նորքի անտառների տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







