«Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ կայացել է Արցախի պետական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:
Միջոցառումը մեկնարկել է ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:
ԿԳՍ նախարարը արարողության վայրը խորհդանշական և հետաքրքիր է համարել: «Մեծ պատվին զուգահեռ նաև մեծ պատասխանատվություն ունեք պահել, պահպանել, զարգացնել ու հզորացնել մեր երկիրը»,- ասել է Նարինե Աղաբալյանը՝ ընդգծելով, որ նրանք լավ մասնագետներ պիտի դառնան և համալրեն Արցախի Հանրապետության տարբեր ոլորտների լավագույն մասնագետների շարքերը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը ավանդույթի ուժ է ստացել:
«ԱրՊՀ-ն Արցախի մայր բուհն է, որը արդեն 50 տարի կրթում է սերունդ, ԱՀ տարբեր բնագավառների համար տալիս է բարձրորակ մասնագետներ»,- ասել է ռեկտորը՝ համոզված լինելով, որ Արցախը մոտ ապագայում դառնալու է ճանաչված աշխարհի կողմից:
Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերից հետո ընդունելության քննություններում ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիները պատիվ են ունենցել ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ ստանալ ԱրՊՀ ռեկտորի և բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







