Այսօր արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդյան օրն է։ Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր ներկայացուցիչներից է և ստեղծել է սոցիալական և քաղաքական երգիծանքի փայլուն գործեր: Երգիծանքը գրականության և արվեստի՝ իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ է, որտեղ ստեղծագործությունների հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։
Հակոբ Պարոնյանից հետո Օտյանը նոր շունչ տվեց հայ երգիծական ժանրին՝ դառնալով ընթերցողների համար հետաքրքիր ձեռագիր ունեցող գրող։
Երվանդ Օտյանի հայտնի ստեղծագործություններից մեկն է «Հեղափոխության մակաբույծները» պատմվածքների շարքը, որն ամբողջությամբ իրենից ներկայացնում է քաղաքական երգիծանք։ Հայ բանասիրության դոցենտ Ռուբեն Էլոյանն այս պատմվածաշարին նվիրված հոդվածում ասում է, որ շարքի յոթ պատմվածքները ծաղրանքով և հեգնանքով ներկայացնում են հեղափոխության շարժումներից ծնված ողորմելի էություններն ու սնապարծ հավակնությունները։ Անելով ռեալիստական խոր ընդհանրացումներ, Օտյանը վարպետորեն օգտվում է երգիծանքի անսպառ զինանոցից։ Ինչպես նշում է Ռ․ Էլոյանը, Օտյանը շեշտը չի դնում մանրամասնությունների վրա և դա է հենց ամենաշատը գրավում ընթերցողին։ Ստացվում է, որ տալով բանալին, Օտյանը չի բացում դուռը՝ թողնելով, որպեսզի ընթերցողն ինքը գտնի ենթատեքստը։ Անգամ կերպարներին ներկայացնելիս նա դա անում է քայլ առ քայլ՝ բացահայտելով բոլոր զավեշտալի հատկանիշները, որ տեսնում է։ Օտյանն առհասարակ միշտ նկատում է այն, ինչի մեջ որ ծիծաղ կա։
Օտյանը փայլել է նաև իր մարդկային հատկանիշներով։ Այս մասին փաստում են իր ժամանակակիցները։ Ալեքսանդր Շիրվանզադեն այդ առիթով խոսել է Երվանդ Օտյան գրողի մասին․
«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա (Օտյանը) գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







