Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
Ծրագրի բացմանը աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկակացուցիչներին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Այս ծրագրով հնարավորություն ենք տվել այն մարդկանց, որոնք մտքում ունեին ցանկություն Հայաստան գալու, ֆինանսավորել իրենց՝ Հայաստանում սթարթափ հիմնադրելու»,-ասել է նախարարը։
Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ Սիլիկոնյան հովտում ուսանելու համար։ «Կրթական բացառիկ ծրագիրը նախատեսված է Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից և հոգալու է ընտրված այն ձեռներեցների բոլոր ծախսերը, ովքեր կդիմեն ծրագրին՝ 7 շաբաթ շարունակ Սիլիկոնյան հովտի ամենանշանավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում, ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու համար»,-նշել է նախարարը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագրի երկու հիմնական նպատակները՝ երկրի զարգացումը տեխնոլոգիաների և սթարթափերի միջոցով և հայրենադարձության խթանումը։ «Այսօր այս ծրագրի միջոցով մենք ականատես ենք հայրենադարձության մի հետաքրքիր տարբերակի։ Փաստորեն, մարդիկ, ովքեր կարող են իրենց սթարթափ գաղափարներն իրագործել աշխարհի ցանկացած անկյունում, նախընտրել են դա անել այսօր Հայաստանում։ Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը։
«Հաջողության հասնելու համար չենք կարող չօգտագործել յուրաքանչյուր գյուղի բնակչի հնարավոր ներուժը։ Մեր երեխաների համար պետք է պարարտ պայմաններ ստեղծենք չուրաքանչյուր գյուղում իր տաղանդը դրսևորելու համար»,- ընդգծել է Տավուշի մարզպետը։
«Ներուժ» ծրագիրը կտևի չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած սթարթափերները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և վերջում ներկայացնել իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով: Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից սթարթափներին կտրամադրվեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:
Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):
Անցյալ տարի նույն ծրագրով հաղթող և պետական դրամաշնորհին արժանացած երեք սթարթափները՝ «Brushette», «Grüv» և «Storegear», մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը գրանցել են Հայաստանում և ստեղծել են 14 նոր աշխատատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







