ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ նշելով առաջանահերթ ուղղությունները և պատրաստակամություն հայտնելով տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։
Լյուդգեր Շուկնեխտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը, նախարարի հետ քննարկել Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







