Գործադիրն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցած նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բավարարեց «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ընկերությունը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում և ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար։
Ընկերությունում արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Ընկերությունում տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար:
«ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ում ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







