Հոկտեմբերի 1-ին սփյուռքահայ գրող, գլոբալ էներգետիկայի ոլորտի փորձագետ, հակաթրաֆիքինգի գծով պաշտպան Վահան Զանոյանը Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Գրողը խոսել է իր վեպերի ստեղծման, դրանցում արծարծված թեմաների մասին, հետո պատասխանել երիտասարդների հարցերին։
Առաջին «Վերադարձ» բանաստեղծական ժողովածուից հետո, գրողը հրատարակել է «Եզրեն դուրս» ժողովածուն: Նա ստեղծագործում է արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներով, մի շարք պատմվածքներում անդրադարձել է սեռական թրաֆիքինգին: Հեղինակը տեղեկացրել է նաև, որ շուտով լույս կընծայվի Հայաստանի և Արցախի գինու մասին իր աշխատությունը:
Վահան Զանոյանն իր վեպերի ու բանաստեղծական ժողովածուների մի քանի օրինակներ է նվիրել ներկաներին, խոստացել վերադառնալ ու հանդիպում ունենալ նաև Արցախի բուհերում։
Հանդիպումը կազմակերպվել էր «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







