Գործադիրն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված է 2,650,000 եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
Ծրագրի նպատակն է աջակցել Գյումրի քաղաքում հիմնական Ճանապարհների վերակառուցում և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհածածկույթի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:
Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







