Հայաստանում շաքարը կթանկանա Նոր տարվանից հետո։ Ամփոփելով տարին՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ այս պահին շաքարի գինը 2017թ. հունվարի 391 դրամից իջել է 229 դրամ, և սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների։
«Հունվարին, կարծում ենք` շաքարը կթանկանա,որովհետև այս իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ից մեծ պաշարներ էժան գնով մտնում են Հայաստան։Ունենք բացասական բալանսի դիտարկում»,-նշել է Գևորգյանը հավելելով, որ գնորդների համար գների իջեցումը լավ է, բայց տնտեսության համար այդքան էլ լավ չէ:
Նա պարզաբանել է նաև, որ դա պայմանավորված է սուպերմարկետների քաղաքականությամբ, որոնք ունեն 5 մարկերային ապրանքներ, և շաքարի գինն իջեցնելով` գրավում են հաճախորդներին:
Գեղամյանը հավելել է, որ ՀՀ-ում արտադրված շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծվածինը:
Անդրադառնալով կոնյակի շուկայում առկա վիճակին՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնելու կոնյակի շուկայում, այն է Հայաստանից արտահանված կոնյակը պետք է համապատասխանի բրենդի չափանիշներին։
Գեղամ Գևորգյանը նշել է, որ կոնյակի շուկան բաժանված է մի քանի մասի՝ 3-5 տարեկան, 5-10 և 10 տարեկանից ավելի ու հիմնական խնդիրը մինչև 5 տարեկան արտադրված կոնյակի ոլորտում է:
Նա տեղեկացրեց, որ կոնյակի արտահանման ծավալի մեծացում ունենք, բայց այն ընկերությունները, որոնք թվերի առումով ոչ հավաստի ինֆորմացիա են տրամադրել, պատասխանատվություն են կրելու, քանի որ Հայաստանից արտահանվող հիմնական բրենդ հանդիսացող կոնյակը պետք է համահունչ լինի պահանջներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







