Պատմության այս օրը ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Թոմաս Վուլֆը: Վուլֆը գրել է չորս մեծածավալ վեպ, պատմվածքներ, նորավեպեր, ինչպես նաև թատերգություններ: Նրա ստեղծագործության հիմնական առանձնահատկությունն այն է, որ տպավորապաշտական, զգացմունքային տարրերը միավորել է ինքնակենսագրական գրականության հետ: Նրա ամենանշանավոր վեպերից են «Նայիր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա»: Նրա ստեղծագործության մասին մի փոքր պատկերացում տալու համար, ձեզ ենք ներկայացնում մի քանի մեջբերումներ նրա երկերից.
1.Այդ ոչ թե մարդիկ են փախչում կյանքից, քանի որ այն ձանձրալի է, այլ կյանքն է փախչում մարդկանցից, քանզի նրանք խղճուկ ու չնչին են:
2.Պատահականության շնորհիվ մեզանից յուրաքանչյուրն ուրվական է մյուսների համար և միակ իրականությունն ինքն իր համար:
3.Նա հասկանում էր, որ մարդիկ հավերժորեն օտար կմնան իրար, որ ոչ ոք ընդունակ չէ իսկապես հասկանալու մյուսին, որ մայրերի մութ արգանդի փակի տակից մենք հայտնվում ենք լույս աշխարհում` չիմանալով նրա դեմքը, որ մեզ նրա գրկի մեջ են դնում իբրև օտարի, և որ հայտնվելով գոյության անելանելի բանտում` մենք այլևս երբեք այնտեղից դուրս չենք գալու` ով էլ մեզ իր ձեռքերի մեջ առնի, ում շուրթերն էլ մեզ համբուրեն, ում սրտերն էլ մեզ ջերմացնեն: Երբեք, երբեք, երբեք, երբեք…
4.Կարծես թե վերջապես ճանաչեց նրան, երբ շատ տարիներ հետո հիշեց նրա մասին։
5.Մարդը ծնվում է, որ ապրի, տառապի ու մեռնի, և ինչ էլ բաժին ընկնի նրան ճակատագրով, վախճանը ողբերգական է: Վերջին հաշվով` դա անվիճելի է: Բայց մեր կյանքի յուրաքանչյուր ժամով մենք պարտավոր ենք հերքել անվիճելին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







