Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկելու է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը՝ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի համակազմակերպմամբ:
Համաժողովի համակարգող, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր վայրերում ապրող Արցախի բարեկամները հնարավորություն կունենան շփվել իրար հետ, նաև կստեղծվի բարեկամների շրջանակ, որը մշտապես գործող հասարակական միավորման հիմք է լինելու:
Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։
Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներ կունենան ԱՀ Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ
Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ Դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։
Քննարկումները հիմնականում ծավալվելու են երկու թեմաների շուրջ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը» և «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







