Հոկտեմբերի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով ցուցահանդես։
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն թանգարանի հավաքածուին պատկանող հայ դասական և ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ։
Այստեղ ձեզ սպասվում է Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի և Ռուբեն Գրիգորյանի 36 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանքների գեղագիտական վայելքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը։
Ընդ որում, աղբյուրը նշում է, որ կտավների մեծ մասը արվեստասերների դատին կներկայացվի առաջին անգամ։
Իհարկե, պատահական չէ նաև ցուցահանդեսի խորագրի ընտրությունը՝ «Արարատ. Սրբազան լեռը», քանի որ ցուցահանդեսի խորհուրդը և զարդը լինելու է հենց Արարատ լեռը և նրա պատկերումը վերոնշյալ արվեստագետների կտավներում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը ծնվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge համաշխարհային շարժումից։
Ցուցահանդեսը անցկացվելու է «Ավրորա» ֆորումի շրջանակում և գործելու է մինչև նոյեմբերի 14-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







