Նամականիշ՝ հանուն մարդասիրության. հատուկ արարողությամբ այսօր մարվեց «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը՝ նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին: Նոր նամականիշը թողարկվում է 12.000 օրինակով։ Գոյացած հասույթը «Հայփոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, որն աջակցում է մարդասիրական նախագծերի շուրջ 15 երկրներում՝ Աֆրիկայից մինչև Հարավային Ամերիկա և Մերձավոր Արևելք:
Ընդգծենք, որ այս նախագծերի հիմնական շահառուները երեխաներն ու երիտասարդներն են, ինչպես նաև հակամարտության և բռնության զոհերը, փախստականները։
«Ես գնահատում եմ Ավրորան մեծապես, որովհետև այն աշխարհի բնակչության շրջանում մարդասիրական արժեքների մասին գիտելիք է տարածում: Ավրորան իմ կյանքը փոխել է, որովհետև մինչ այդ Մյանմարի կառավարությունը իմ նկատմամբ մեծ կասկածներ ուներ, բայց այդ մրցանակը ստանալուց հետո ես կարող եմ արդեն հանգիստ քայլել»,- իր խոսքում անկեղծացավ Չո Լա Աունին։
Արարողությանը ներկա էր նաև 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան, ով ևս բարձր գնահատեց այս միջոցառման դերը․ «Ավրորան ինձ շատ է օգնել, այն հարթակ է խնդիրների բարձրաձայնման համար։ Անցած տարի այս նամականիշի վրա ես էի։ Սա իսկապես շատ կարևոր մշակութային իրադարձություն է։ Այն տարածվելու է աշխարհի տարբեր ծայրերում, նպաստելու է այս ամենի մասին իրազեկվածության բարձրացմանն ինչպես Մյանմարում, այնպես էլ այլ վայրերում»։
Այս նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան է։ Նա հեղինակն է նաև անցած երկու տարիներին «Հայփոստի» թողարկած նամականիշների։
Արարողությունից հետո Ավրորա մարդասիրական նախաձեռնության Հայկական ծրագրերի ղեկավար Հայկ Դեմոյանը ներկայացրեց ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին։ Այն վերնագրված է այսպես․ «Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը և կանանց պատմությունները, որ ոգեշնչում և զորացնում են աշխարհը»։
«Վերնագիրը պատահական չէ, ինչպես և պատահական չէ, որ այսպիսի ցուցահանդեսը բացվում է հենց Ավրորա ֆորումի աշխատանքների և միջոցառումների ցանկում։ Առանձնացրել ենք 20 կանանց, բայց կարող էին լինել տասնյակները։ Նրանք կանայք են տարբեր երկրներից, տարբեր ազգերից, տարբեր կրոնական դավանանքներին պատկանող, բայց նրանց առաքելութունը ընդհանուր և մեկն էր», — շեշտեց Հայկ Դեմոյանը։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







