2019 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Այս մասին հաղորդում են ԱՀ ԿԸՀ-ից:
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ղեկավարի և Քաշաթաղի շրջանի Վան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2019թ. հոկտեմբերի 11-ի N 843-Ն որոշման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Քաշաթաղի շրջանի Վան համայնքներում 2019 թվականի նոյեմբերի 17-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվները:
Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը համապատասխանաբար Մարտակերտի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 24.00-ն:
Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հավելենք, որ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի վերընտրված գյուղապետը հանկարծամահ էր եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







