Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Ղազաստանի Ակտաու քաղաքում մասնակցություն է ունեցել «Աբիշ Ալեմի»( Աբիշի աշխարհը) միջազգային առաջին թատերական փառատոնին, որը նվիրված է եղել ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին:
Վանաձորի թատերական խումբը փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել սեպտեմբերին։
Թատրոնը Ղազախստանում անցկացվող փառատոնին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Աղբյուրը հայտնում է, որ Վանաձորի դրամատիկական թատրոնը վերջին 30 տարիների ընթացքում Ղազախստանում հյուրընկալված հայկական միակ թատերախումբն է:
Փառատոնի շրջանակներում հայ թատերախումբը ներկայացրել է Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման։ Բեմադրությունն արժանացել է հրաշալի ընդունելության:
Հայկական թատերախմբի ներկայացումը հիացական արձագանքի է հանդիպել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ ժյուրիի շրջանում։
Գլխավոր դերակատար Ալլա Դարբինյանը նշել է, որ ներկայացման ավարտից հետո իրենց անընդհատ մոտենում էին ու խոստովանում, որ բեմադրությունն այնքան կայացած էր, որ հանդիսատեսը չէր հասցնում համաքայլ ընթանալ գործողությունների ընթացքին:
Բեմադրության մասին իր դրական տպավորություններն է արտահայտել նաև ժյուրիի կազմում ներգրավված ադրբեջանցի ներկայացուցիչը` ասելով, որ թեպետ չէր ուզենա խոսել, այնուամենայնիվ, ահա հենց այսպիսի ներկայացում է պետք փառատոնին:
Վանաձորի դրամատիկական թատրոնի պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացումով:
Հայկական թատերախումբը պատվավոր երկրորդ տեղն է կիսել Ղազախստանը ներկայացնող թատերախմբի հետ` արժանանալով «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի և գավաթի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







