Այսօր` հոկտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի կենտրոնում իսկական նռան տոն էր: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Նռան փառատոնը մի վայրում էր հավաքել արքայական մրգի սիրահարներին:
Առանձին տաղավարներում Մարտունու շրջանի գյուղերը, մենատնտեսները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցները այցելուներին ներկայացրել են ոչ միայն նուռ և այդ մրգից պատրաստված խմիչքներ ու ուտեստներ, այլև իրենց սեփական արտադրության ապրանքներ:
Տարեցտարի ավելացնում է ցուցադրվող տաղավարների և այցելուների թիվը: Նռան փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս տարի ներկայացված էր 135 տաղավար: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի տաղավարների քանակը 90 էր, իսկ 2017 թվականին` ընդամենը 55:
«Մարտունու շրջանի գյուղերից բացի փառատոնի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին նաև հանրապետության մյուս շրջանները ներկայացնող տաղավարները, չէր մասնակցում միայն Շահումյանի շրջանը: Իսկ մշակութային մասն ապահովել են Մարտունու մշակույթի տան ու արվեստի դպրոցի սաները»,- նշել է Արտակ Մկրտչյանը` ավելացնելով, որ ուրախալի է փառատոնին արտասահմանցի մեծաթիվ տուրիստների ներկայությունը:
Փառատոնի տաղավարներով շրջել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







